27 Сен
ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ՏՈՒՐ ԴԵՊԻ Լաստիվեր
Լաստիվեր կատարած մեր այցելությունից հետո ևս մեկ անգամ համոզվեցինք,որ Հայաստան աշխարհն իրոք աննկարագրելի բնություն ունի:
Լաստիվեր հասնելու համար պետք է 3 կմ ճանապարհ անցնեինք ոտքով, ինչն սկզբում բավականին դժվար էր թվում, սակայն շրջակա բնությունն այնքան գեղեցիկ էր, օդն այնքան մաքուր ու անտառից լսվող ձայներն այնքան հետաքրքիր էին որ բոլորովին մոռացանք այդ 3 կմի մասին:
Մեր ուրախ խմբով Լոռվա մարզի աննկարագրելի գեղեցկությամբ տարված և լի արկածներով չնկատեցինք թե ինչպես անցավ ժամանակը ու հասանք Լաստիվերի Անապատ:
Ժամանակին այստեղ ապրող մարդիկ սարի լանջին գտնվող քարանձավ հասնելու համար ստիպված էին գերաններից աստիճան կառուցել,որը լաստ է հիշեցնում: Այստղից էլ ժողովրդի կողմից եկել է Լաստիվեր անվանումը: Պատմական տեղեկությունների համաձայն, թե՜Լաստիվերը, թե՜ հարակից քարայրների համակարգը մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ օգտագործվել են որպես թաքստոց:
Քարանձավների սենյակների պատերին մի նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով: Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում:
Լաստիվերում պատրաստված տնակները մեզ տարան հեքիաթների աշխարհ, կարծես գտնվում էինք այլ մոլորակում: Երեկոյան կենտրոնում խարույկի շուրջ կազմակերպեցինք հետաքրքիր խաղեր և օրվա վերջում ուրախ տրամադրությամբ տուն վերադարձանք՝ ևս մեկ անգամ հաղթահարելով այդ 3 կմ ու հիանալով մեր երկրի անկրկնելի բնությամբ: